BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են «սեղմել» Իլհամ Ալիևին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են «սեղմել» Իլհամ Ալիևին
24.09.2016 | 12:01

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի կուլիսներում կայացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Առանձին հանդիպումներ նրանց հետո ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Բանակցությունների արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին. «Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն հատկացրինք Վիեննայում (2016, մայիս) և Սանկտ Պետերբուրգում (2016, հունիս) ձեռք բերված համաձայնությունների կատարմանը: Մասնավորապես՝ մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել սուբստանտիվ բանակցությունների մթնոլորտ, որոնց կհանգեցնեին կոնֆլիկտի կարգավորմանը: Մեր երկրների կառավարությունները պատրաստ են ընդունել նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը հարմար ժամանակ»:

ՄԽ համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան: Իսկ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ընդհանրապես լավատեսորեն հայտարարեց. «Մենք առաջադիմություն ենք ակնկալում առանցքային հարցերում»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հանրապետության անկախության օրվա առիթով նախագահ Սերժ Սարգսյանին հղած նամակում հաղորդել է, որ Փարիզը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում:

Կոնֆլիկտի շուտափույթ և խաղաղ կարգավորմանը խոստացել է օգնել նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը՝ գրելով Սերժ Սարգսյանին. «Իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, Գերմանիան ցանկանում է նպաստել կոնֆլիկտի արագ և խաղաղ լուծմանը»: Առաջին հայացքից՝ նոր ոչինչ, սովորական դիվանագիտական աշխատանք: Բայց առավել ուշադիր հայացքը ի հայտ է բերում կարևոր նյուանսներ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Իսլամական համագործակցության կազմակերպության Ղարաբաղի հարցով խմբի առաջին նիստում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, ուրվագծեց կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ զուգահեռ մեխանիզմ: Նա հայտարարեց, որ «Ադրբեջանը Հայաստանից սպասում է օկուպացիոն քաղաքականության կասեցում և Ղարաբաղի հարցով բանակցությունների սկսում՝ հիմնված բարի կամքի վրա»: Այսպես կոչված, Ղարաբաղյան հարցի կարգավորման շփման խումբը ստեղծվել է 2016-ի ապրիլի 13-15-ին ԻՀԿ-ի Ստամբուլի սամմիթում՝ կազմում ունենալով յոթ երկիր՝ Թուրքիա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Մալայզիա, Գամբիա, Ջիբուտի: Խումբը չի գործում և Բաքվի համար ընդամենը հարթակ է՝ որոշակի հայտարարությունների համար: Սա՝ առաջին: Երկրորդ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցով նախորդ բոլոր բանակցությունները, համենայն դեպս՝ Հայաստանի համար, չեն համարվում «բարի կամքի բանակցություններ»: Հարց է ծագում՝ ինչի՞ մասին ու ինչո՞ւ է նույն Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի կուլիսներում բանակցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու դեսպան Կասպրշիկի հետ, եթե տարբեր հարթակներում նրա հրապարակած բանակցային օրակարգերը միմյանց չեն համապատասխանում: Այստեղ կա ինտրիգ, որի մասին տարբեր պատճառներով գերադասում են բարձրաձայն չխոսել: Օրերս Բաքվում կայացել է Baku Network փորձագիտական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված վիճակը ապրիլյան պատերազմից հետո, մասնավորապես՝ Հայաստանում: Պարզվել է, որ ադրբեջանցի փորձագետները չգիտես ինչու անհանգիստ են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից, որը գնահատվում է «Ռուսաստանին իր լոյալությունը վաճառելու Երևանի փորձ՝ Արևմուտքի հետ ֆլիրտն ավարտելուց հետո»: Նույնիսկ եթե այդպես է, զարմանալի ոչինչ չկա, Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է և ջանում է տարբեր միջոցներով, այդ թվում՝ կադրային փոփոխություններով, առավել համարժեք հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:


«Սարգսյանի ցուցադրական այցը Վաշինգտոն՝ միջուկային անվտանգության սամմիթին, որից հրաժարվել էր ՌԴ նախագահը, այցը ՆԱՏՕ-ի սամմիթ և այլն: Հայաստանը, գտնվելով Ռուսաստանից կոշտ կախման մեջ, վերջին ամիսներին փորձում էր ինքնուրույնություն խաղալ»,- Baku Network-ի նիստում ասել է «Эхо»-ի վերլուծաբան Նուրանին: Բայց ԱՄՆ-ում՝ միջուկային անվտանգության սամմիթում, եղել է և Ադրբեջանի նախագահը, ինչո՞ւ են Երևանի արևմտյան շփումները հարուցում Բաքվի փորձագետների այդպիսի նյարդայնությունը: Կա պատասխան: Որոշ տվյալներով՝ Բաքուն փորձում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել Երևանի հետ երկկողմ հարաբերություններում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո՝ շրջանցելով Մոսկվան ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ մանևրը ձախողվեց ապրիլյան պատերազմով: Միայն այդ ենթատեքստում է Ադրբեջանի ԱԳ նախարարի կոչը Երևանին «բանակցություններ սկսել բարի կամքով» տրամաբանական հնչում: Միևնույն ժամանակ՝ դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները գործնականում կատարելու համար՝ վերահսկողության համակարգ և միջազգային դիտորդներ հակամարտող կողմերի շփման գծում, հազիվ թե հաջողության շանս ունի:

Ինչպես արձանագրել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ամերիկացի փորձագետների հետ հանդիպմանը. «Բաքուն մշտապես ձեռք բերված համաձայնություններից հետքայլ է անում»: Այդ մասին է խոսել Նալբանդյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որը հաստատել է ԵՄ աջակցությունը ՄԽ-ի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Երևանը հրաժարվում էր բանակցել Բաքվի հետ, քանի դեռ կոնֆլիկտի գոտում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ տեղակայված չեն և ընդլայնված չեն ԵԱՀԿ դիտորդական խմբի լիազորությունները: Հիմա այդ որոշումը կա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են «ճնշել» Ադրբեջանին, որի ստորագրությունը կա Սանկտ Պետերբուրգի համաձայնության տակ, որպեսզի սկսեն առաջ տանել խաղաղ կարգավորման գործընթացը: Բայց Բաքուն հրաժարվում է կատարել կոնֆլիկտի գոտում իրավիճակի վերահսկողության մեխանիզների տեղակայման պայմանավորվածությունը, նախագահ Ալիևի շուրթերով հայտարարելով, որ «անհրաժեշտություն չի տեսնում»: Այդ դեպքում ՄԽ համանախագահները կարող են կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի ընդունում Լեռնային Ղարաբաղի հարցով: «Դիվանագիտական օղակը» Ադրբեջանի շուրջ սեղմվում է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Սկսենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից, որ կոչ են անում սկսել «սուբստանտիվ բանակցություններ», իսկ դա Ադրբեջանի բազմիցս բարձրաձայնած առաջարկն է, երբ Բաքուն նախապես հրաժարվում է շփման գծում վերահսկողության մեխանիզմներից՝ համարելով ստատուս քվոյի հաստատում և պահանջում է հայկական զինուժի դուրսբերում «օկուպացված տարածքներից»՝ բանակցություններ սկսելու համար, նաև հայտարարելով, որ երկրորդ հայկական պետություն չի կարող լինել: ՈՒրեմն՝ ինչի՞ շուրջ բանակցել: Երկրորդ՝ Baku Network փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է ստեղծված վիճակը ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում: Բնական է, պիտի քննարկեն: Իսկապես՝ «զարմանալի ոչինչ չկա», զարմանալի է, որ ռուս փորձագետն է համարում, որ Հայաստանը կադրային փոփոխություններով փորձում է «առավել համարժեք հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ», այսինքն՝ համաձայն է, որ Կրեմլը վարչապետ նշանակի, ինչ-որ հարցեր լուծելու համա՞ր: Երրորդ՝ արձանագրելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան հաջողության շանս չունի և «ՄԽ համանախագահները կարող են կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի ընդունում Լեռնային Ղարաբաղի հարցով», ենթադրվում է, որ այդ բանաձևը ազգերի ինքնորոշման իրավունքը պիտի արձանագրի կոնֆլիկտների կարգավորման մեջ: Այլապես որևէ այլ բանաձև իրավիճակ չի փոխի և Բաքվի համար սպառնալիք չէ: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ «Դիվանագիտական օղակը» Ադրբեջանի շուրջ սեղմվում է», դա ընդամենը կարող է նշանակել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սուբստանտիվ բանակցությունների մթնոլորտ է ստեղծում: Կփոխվի՞ բանակցությունների բովանդակությունը, թե՞ ոչ՝ սա է հարցը: Ամենայն հավանականությամբ՝ ոչ: Չորրորդ՝ ի՞նչ «որոշ տվյալներ» են, որ Բաքուն փորձում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել Երևանի հետ երկկողմ հարաբերություններում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո՝ շրջանցելով Մոսկվային ու ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այդ մանևրը ձախողվեց ապրիլյան պատերազմով: Այսինքն՝ ապրիլյան պատերազմը Բաքվի ու Մոսկվայի համատեղ պատասխա՞նն էր Վաշինգտոնին: Բաքվինը՝ որովհետև Վաշինգտոնը իր կամքը Երևանին չէր պարտադրել: Մոսկվայինը՝ որովհետև սեպարատ բանակցություններով իրեն խաղից դուրս էին դրել: Բայց այդ դեպքում պիտի «պատժվեր» և Բաքուն: Վեցերորդ՝ ոչ մի տրամաբանություն չկա, որ Բաքվի հետ սեպարատ բանակցությունների մեջ մտնելով՝ Վաշինգտոնը Ալիևի ոտքը ԱՄՆ դրած պահին հայտարարում է, որ Այովայի նահանգը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Դա կարող էր լինել մի դեպքում՝ եթե Ալիևը ձախողել էր բանակցությունները:

Եթե իսկապես եղել են սեպարատ բանակցություններ, ի՞նչ սկզբունքով: Մադրիդյան սկզբունքների տարատեսակների՞: Ի՞նչ իմաստ ուներ Մոսկվային ու Փարիզին խաղից հանել այդ դեպքում: Թերևս հերթական ապատեղեկատվությունն է, որ նպատակ ունի ստուգել արձագանքները: Յոթերորդ՝ հանրաքվեն Ադրբեջանում, ընտրությունները Հայաստանում, հետո նաև Ադրբեջանում այն ժամանակը չեն, երբ նման հարցեր են լուծվում: Այսինքն՝ ոչ մի օղակ էլ չի սեղմվում ու նույնիսկ չկա: Միայն «բարի կամքը կա»՝ առանց բանակցությունների, որոնց շուրջ ինտրիգներն ավելի շատ են, քան բանակցելու ցանկությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ